Անչափահաս աղջիկ փախցնելու համար չորս տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի և աղջկա՝ Նարինե Ալիյանի հարազատներն այսօր՝ հունիսի 18-ին, կրկին գլխավոր դատախազություն էին եկել, որտեղ հանդիպեցին Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Անդրեյ Աղամալյանի հետ եւ փոխանցեցին իրենց պահանջը՝ հաշվի առնել եզդիների վաղ տարիքում ամուսնանալու ավանդույթը եւ ազատ արձակել Էդիկ Ազմանյանին, քանի որ «տղան ու աղջիկը սիրում են իրար եւ ուզում են ամուսնանալ»։

Էդիկի հարազատների հետ դատախազություն էր եկել նաեւ եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, որը NEWS.am-ին ասաց, որ դատախազության աշխատակիցը խոստացել է գործին ծանոթանանալուց հետո արձագանքել իրենց խնդրանքին։

«Իրենք նայեցին, խոստովանեցին, որ պետք է ինչ-որ օբյեկտիվ մոտեցում ցույց տան: Եթե խմբակային առևանգում է եղել, էդ ո՞նց ա, որ դատարանի դահլիճից մեկին ազատել են, մյուսներին՝ չէ: Եթե սա միջազգային դատարան մտնի, դատավորների համար խայտառակ մի վիճակ կլինի, այն մարդկանց համար, ովքեր այդ գործն այդպես սարքել են»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Էդիկ Ազմանյանի հարազատները հուսով են, որ դատախազությունը հարցին լուծում կտա, հակառակ դեպքում սպառնում են, որ կդիմեն ծայրահեղ քայլերի։

«Ես պահանջում եմ ազատություն: Էդոյիս ազիզ արևով եմ երդում ուտում՝ հրապարակի մեջ ինձ կվառեմ։ Ես ուզում եմ իմ երեխուս ազատություն։ Իմ կյանքն առանց իմ երեխու ոչ մի բան ա: Իմ երեխեն խելացի, կրթված երեխա է, ոչ ծխում, ոչ խմում ա, իդեալական տղա է»,- ասաց Էդիկ Ազմարյանի մայրը՝ Գյուլնազ Ուսոյանը, եղբայրն էլ սպառնաց. «Կգնամ խուլիգանություն կամ սպանություն կանեմ, թող տեսնեն՝ որն ա իսկական հանցագործությունը»։

Ապացուցելու համար Էդիկ Ազմանյանի անմեղությունը, հարազատները պատմում էին, թե քանի տարեկանում են ամուսնացել իրենք՝ քույրը՝ 13-ում, մայրը՝ 16-ում, տատն էլ՝ 12-ում։

Նարինեի հարազատներն էլ ասացին, որ եթե Էդիկ Ազմանյանը դուրս չգա, ավելի լավ կլինի՝ Նարինեն էլ գնա, «ամուսնու հետ նստի», քանի որ նրա նման կարգավիճակը խայտառակություն է համարվում եզդիական համայնքում։

Հիշեցնենք, որ Էդիկ Ազմանյանի հարազատները բողոքում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով Էդիկ Ազմանյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ աղջիկ փախցնելու համար: Թե անչափահաս աղջիկը՝ Նարինեն, թե նրա ծնողները չեն բողոքել տղայի դեմ, սակայն Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր անփոփոխ:

Աղջկա հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ ոստիկանությունում աղջկան վախեցրել են, որ եթե ցուցմունք չտա այն մասին, որ իրեն իր կամքի հակառակ են փախցրել, հորը «կնստացնեն»։

Նշենք, որ ըստ Էդիկ Ազմանյանին առաջադրված մեղադրանքի՝ Ջրաշեն գյուղի բնակիչ՝ Էդիկ Ազմանյանը, մոտ մեկ տարի առաջ հանդիպելով Նուռնուս գյուղի բնակիչ, անչափահաս՝ Ն. Ա.-ին, սիրահարվել է նրան: Այնուհետև, վերջինիս հետ ամուսնանալու հարցով Է. Ազմանյանը դիմել է Ն. Ա.-ի եղբորը, ով հայտնել է, որ քույրը տարիքով փոքր է, իրենք դեռևս չեն պատրաստվում նրան ամուսնացնել և արգելել Է. Ազմանյանին՝ քրոջ հետ նույնիսկ շփվել: Դրանից հետո, վախենալով, որ Ն. Ա.-ին կարող են ամուսնացնել մեկ ուրիշի հետ, Է. Ազմանյանը որոշել է ամուսնության նպատակով նրան առևանգել: Նա 2013թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով ընկերների` ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող Արմեն Ալեքսանյանի և Գոռ Գալստյանի հետ, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ին ու վերջինիս կամքին հակառակ նստեցրել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել տարածքից:

Է. Ազմանյանին, Ա. Ալեքսանյանին և Գ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասի նկատմամբ) հատկանիշներով: Դատարանի դատավճռով Է. Ազմանյանը և Գ. Գալստյանը դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով, իսկ Ա. Ալեքսանյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով: