Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, այսօր՝ հունիսի 19-ին, առավոտից հավաքվել էին ԱԺ մուտքի մոտ՝ Կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի փոփոխությունների օրինագծի դեմ, որն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է:
Ակտիվիստները մանրադրամներ են հավաքել ու լցրել դրանք ԱԺ մուտքի առջեւ:
«Բաժանելու ենք պատգամավորներին, որ վերցնեն ու կուտակային պահումներ չանեն: Կբաժանենք իրենց իրենց մեթոդով: Կշպրտենք իրենց վրա»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Հավաքված մանրադրամները նրանք լցրեցին մուտքի դռան մոտ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգամավորները հերթով են դուրս գալիս, անցնում են մանրադրամների վրայով ու ոչինչ չեն ասում:
Բացառություն էր ատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը նայելով մանրադրամների եւ ակտիվիստների պաստառներին, ասաց.
«Ինչքան ա պետք, արեք տամ»:
Լրագրողի հարցին՝ դուք կողմ եք քվեարկելու օրենքին, պատգամավորը պատասխանեց. «Ես ինչ ուզեմ, էն էլ կանեմ»:
«Այսինքն ձեր ցանկությամբ եք քվեարկելու»,- հարցրեց լրագրողը, ինչը պատգամավորը պատասխանեց. «Այսինքն չկա, դավայ, հաջողություն»:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը երեք ժամով հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստին քննարկվելու են մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:











