Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 19-ին, հերթական ավտոերթն սկսեց Արշակունյաց պողոտայից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցող մի քանի տասնյակ մեքենաները զարդարված են «Դուրս մեր գրպանից» գրությամբ պաստառներով եւ եռագույն դրոշներով: Մինչեւ ավտոերթի սկսվելը ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ պահանջելով, որ Կենտրոն համայնքի տարածք չմտնեն՝ պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի երթեւեկությունը եւ կծանրացնի այն:

Նախաձեռնության անդամներից Արտաշես Միսակյանը ոստիկաններին ասաց, որ իրենք բոլոր ատյաններին, նույնիսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զգուշացրել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք դիմելու են անհնազանդության։

Ոստիկաններն էլ իրենց հերթին զգուշացրին, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկեն:

Ավտոերթի մասնակիցների ճանապարհը, սակայն, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ փակել են մի քանի ոստիկանական մեքենաներ եւ թույլ չեն տալիս գնալ դեպի Տիգրան Մեծ:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: