Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներից երկուսին այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցած ավտոերթի ժամանակ Արշակունյաց պողոտայից բերման ենթարկեցին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բերման ենթարկելու պատճառն այն է, որ ավտոերթի մեկնարկին ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջեցին չմտնել կենտրոն, սակայն ակտիվիստները չհամաձայնվեցին եւ փորձեցին Արշակունյաց պողոտայով երթեւեկել դեպի Գրիգոր Լուսավորիչ։

Այս պահին մեծ խցանում է առաջացել Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ. երթուղայինների ուղեւորները իջնում են երթուղային տաքսիներից եւ ոտքով շարունակում ճանապարհը։

Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փորձեցին անթույլատրելի մասով հատել փողոցը, որի պատճառով էլ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։

Բերման ենթարկվածներից մեկը Գեւորգ Սաֆարյանն է։

Ճանապարհային ոստիկանները քարշակով տուգանային հրապարակ են տանում այն վարորդի մեքենան, որը հրաժարվել էր իջնել մեքենայից։ ՃՈ պետ Արսեն Արշակյանը նույնպես Արշակունյաց պողոտայում է. նա հայտարարել է, որ եթե վարորդները մեքենաներից չիջնեն, ապա բոլորին այդ կերպ կտանեն տուգանային հրապարակ։

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: