Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 29 ընտանիք արդեն մոտ երկու տասնյակ տարի ապրում է չորրորդ կարգի վթարային շենքում. տարվա մեջ մի քանի անգամ բնակիչները դիմում են պատկան մարմիններին, սակայն մինչեւ այժմ իրենց խնդրին լուծում չի տրվել: Նրանք այսօր մայիսի 6-ին, մի քանի տասնյակ բնակիչներով՝ այդ թվում երեխաներ, եկել էին կառավարության մոտ՝ իրենց բողոքը հայտնելու:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»,-NEWS.am-ին ասաց բնակիչներից Լյովա Աբաջյանը:
Բնակիչներին այսօր կառավարության մոտ հաջողվեց զրուցել միայն կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, որը նրանց ասաց, որ հարցն ընդգրկված է մարզի առաջնային խնդիրների շարքում, ապա առաջարկեց դիմել մարզպետին:
Բնակիչների խոսքով՝ իրենք ամեն տարի 3-4 անգամ դիմում են մարզպետին, ամեն անգամ ստանում են այն պատասխանը, որ իրենց հարցն ընդգրկված է մարզի առաջնային խնդիրների շարքում:
«Մարզպետին դիմեցինք, ասեց՝ գումար եղավ, էս տարի առաջնահերթ դուք եք: Երկրաշաժից մինչև օրս մեր խնդիրը առաջնահերթ է, բայց մինչև հիմա ոչ մի փոփոխություն: Ամեն տարի ասում են՝ էս տարի, էս տարի»,- բողոքեց Լյովա Աբաջյանը: Նրա խոսքով՝ իրենք սյուներով են պահում փլվող շենքը:
«Անձրևը թափում ա գլխներիս: Մտնում եմ սենյակ, պոլերը հելնում, իջնում են, հյուր որ գալիս ա, երեք-չորս հոգուց ավելի մարդ իրավունք չունի կանգնելու: Գիշերը քնում եմ կնոջս հետ, գիշերվա կեսին տառականը մտնում ա ծոցներս, ես էն յան եմ փախնում, կինս՝ էն յան: Դե լույսը վառ, չստիկդ առ, ընկի, տառական սատկացրու»,-ասաց նա:
Ավելի ուշ Լենուղի գյուղի բնակիչները գնացին Արմավիրի մարզպետարան, սակայն չկարողացան հանդիպել մարզպետի հետ։











