Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտից այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 15։00-ին ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ, որը պոկել է թիթեղի վրա ամրացված՝ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառը։

Ոստիկաններն Աստղիկ Աղեկյանին բառացիորեն քարշ տալով մեքենան են նստեցրել։ Դեպքին ականատես Արման Անդրեասյանը NEWS.am-ին պատմեց, որ ոստիկանները շատ կոպիտ են վարվել նրա հետ ու վիրավորել են կնոջը։

«Երբ տեսանք, որ պարսպի ձողերը տնկել են ու պատրաստվում են շենքը չորս կողմից թիթեղցապատել, գնացին այնտեղ ու սկլսեցինք մեր բողոքը հայտնել՝ քարերով թիթեղներին խփելով։ Աստղիկը մեզանից ավելի համարձակ գտնվեց ու որպես անհնազանդության նշան պատռեց այդ պաստառը։ Բայց նրան բերման ենթարկելուց հետո րոպեներ անց պաստառը նորից փակցրին»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը։

Նրա խոսքով՝ մոտ հինգ րոպե Աստղիկ Աղեկյանին փորձել են նստեցնել մեքենան։ Աստղիկն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժնում է, նրանից ակտիվիստիները տեղեկություն առայժմ չունեն։

Տեսանյութում, որը «Յութուբում» տեղադրել է SaveAfrikyan ծածկանունով օգտատերը, երեւում է՝ ինչպես են ոստիկանները վիրավորում կնոջը։

«Սրան նայի տես՝ որտեղ ա խփում։ Դու երեւի մարդ չունես, դրա համար ես ըդտեղ խփում»,- դիմադրող կնոջը մեքենան նստեցնելիս ասում է ոստիկանը։