Կիեւի կենտրոնում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացի 40-ամյա «օրենքով գող» Կախաբեր Օրագվելիձեին, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես «Կախա Թբիլիսցի»: Ուկրաինայի մայրաքաղաքի տարածքով քրեական գեներալը տարանցիկ ուղիով Ղրիմից մեկնում էր Իտալիա:

Վրաստանի Օզուրգեթի շրջանում ծնված Կախա Օրագվելիձեն 1990 թվականներին եղել է «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլիի ղեկավարած հանցագործ խմբավորման անդամ, որը գործում էր Թբիլիսիում՝ զինված հարձակումներ իրականացնելով մասնավոր տների վրա: Ավելի ուշ նա փախչում է Մոսկվա եւ հանցավոր գործունեությունը վերսկսում արդեն նոր վայրում:

Մորդովիայում 9 տարի ժամկետով ազատազրկման պատիժը կրելուց հետո 2012 թվականի սեպտեմբերին Օրագվելիձեն արտաքսվում է Վրաստան, որտեղ հետախուզվում էր ոստիկանի սպանության համար: Սակայն Կախայի վերադարձը հայրենիք համընկնում է նոր իշխանությունների գալստյան հետ, որը բավական հանդուրժողական մոտեցում է ցուցաբերում «օրենքով գողերի» հանդեպ:  «Տիտղոսակիրների» մեծ մասին համաներում է շնորհվում եւ նրանք ազատության մեջ են հայտնվում: Прайм Крайм-ի փոխանցմամբ, Կախան բացառություն չէր. նրան առաջադրված բոլոր մեղադրանքները հանվում են:

Հունիսի 19-ին Կախան Ուկրաինայի տարածքից արտաքսվել է «Կիեւ-Միլան» չվերթով՝ 5 տարի երկրի տարածք մուտք գործելու արգելքով: