Հայաստանում այս տարի միասնական ընդունելության քննությունների քննական գործընթացը կազմակերպված է եղել «լավ մակարդակով», ծնողների կողմից դժգոհություններ չեն եղել, ինչը չի կարելի ասել ավարտական քննությունների մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն այցելել էր Երեւանի թիվ 177 դպրոցում «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին:
«Ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը ես համարում եմ շատ հաջողված: Բայց պետք է խոստովանենք, որ այն առարկաների քննությունները, որոնք դպրոցներում են անցկացվում, դրանց կազմակերպման օբյեկտիվության հետ կապված անելիքներ պետք է ձեռնարկենք: 9-րդ դասարանցիների ավարտական քննության կազմակերպման հետ կապված նույնպես ավելի օբյեկտիվ գործընթացի կազմակերպման խնդիր կա, մենք ահազանգեր ունենք, որ այդ քննությունները կազմակերպելիս դպրոցների ներսում օբյեկտիվությունը միշտ չի, որ պահպանվում է»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ միասնական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները կամփոփվեն հուլիսի 15-ին, կհստակեցվի պետական պատվերով բուհեր ընդունված արական սեռի դիմորդների թիվն ու կուղարկվի պաշտպանության նախարարություն:
Նախարարը տեղեկացրեց նաև,որ անցումային շեմն այս տարի մնացել է անփոփոխ:
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել: Այն շարունակում է մնալ 7,5 միավորը»,- ասաց նախարարը:
Նշենք, որ այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն էին հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից:











