Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետեւանքով անչափահասների մահը վրա է հասել գլխուղեղի կենսական ֆունկցիաների խանգարումից։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ ընթերցելով Հակոբյան եղբայրների դիակների փորձաքննության եզրակացությունը:
«Էդգար Հակոբյանի մահը վրա է հասել գլուխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումներից, վնասվածք է ստացել գանգուղեղային իրանը: Կա լյարդի, թոքի պատռածք, կան արյան զեղումներ: Առկա է ներքին արյունահոսություն եւ սալջարդներ: Վնասվածքները հասցված են կենդանության օրոք՝ բութ առարկաների ներգործությամբ»,- հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Ըստ դիակի փորձաքննության եզրակացության՝ Հակոբյանները մահվան ժամանակ եղել են սթափ, չեն եղել ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ։ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ ըստ այդ եզրակացության պարզ է դառնում, որ երեխաները չեն մահացել գազի բալոնի պատճառով, ինչպես նախորդ դատական նիստին ասել էր Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձեց՝ ասելով, որ վնասվածքները ապացուցում են, որ Հակոբյանները մահացել են գազի բալոնի եւ առջեւ նստարանի սեղմման արդյունքում. «Վնասվածքների պատճառը գազի բալոնն է եղել, բութ հարվածը հասցրել է գազի բալոնը, որը տեղադրվել է Հակոբյանների մեքենայի մեջ առանց թույլտվության»:
Գազի բալոնը մահվան պատճառ լինել-չլինելու վերաբերյալ փաստաբանները սկսեցին բանավիճել, դատախազն էլ Նիկոլայ Բաղդասարյանին դիտողություն արեց՝ ասելով, որ նրա խոսքերն ուղղակի ենթադրություններ են:
Վարդան Պետրոսանը խոսքի իրավունք խնդրեց եւ հայտարարեց, որ դատախազը կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս:
«Ես զարմանում եմ քաղաքացի դատախազի զարմանքի վրա: Դատախազին կասկածելի է թվում իմ սթափության վերաբերյալ «ս» տառի մեծատառ կամ փոքրատառ լինելն, այն դեպքում, երբ փորձաքննությամբ ապացուցվել է, որ ես սթափ եմ եղել, բայց նա զարմանում է, որ գազի բալոնը կարող է լինել մահվան պատճառ: Քաղաքացի դատախազն անկողմնակալ չէ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:











