Աֆրիկյանների տան դիմային հատվածում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, շենքի ապամոնտաժման դեմ պայքարող երիտասարդներին քիչ առաջ այցելեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ իր աջակցությունը հայտնեց:
«Ես մինչեւ վերջ երիտասարդների հետ պայքարելու եմ: Այս գործընթացը անօրինական է, ամեն ինչ պետք է անել, որ այս հրաշալի ժառանգություն, որ ունի Երեւանը չքանդվի: Քանդել այս շենքը նշանակում է չսիրել մեր երկիրը, չգնահատել մեր մշակութային ժառանգությունը»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիս 21-ին,ասաց Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը շենքի շուրջը անցկացրած պարիսպներից ներս է մտել եւ լուսանկարներ արել, որպեսզի հետագայում դրանք կարողանան օգտագործել դատարանում եւ ապացուցել, որ, առանց ապամոնտաժման թույլտվության, ներսում քարեր են հանվում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շենքի շուրջ հավաքված մոտ 20 քաղաքացիական ակտիվիստները հարվածում են թիթեղներին՝ ի նշան բողոքի, ոստիկանները փորձում են նրանց կանգնեցնել, սակայն չի հաջողվում:
«Մենք հանցագործություն չենք անում, հանցագործությունը ներսում են կատարում, իրենց փորձեք խանգարել»,- ասում են ակտիվիստները:
«Շենքի ոչ բոլոր քարերն են համարակալած եւ չկա մշակույթի նախարարության արտոնումն ու ներկայացուցիչ: Եթե վարչապետը նման բան է իրեն թույլ տալիս, ապա մեզ համար նա վարչապետ չէ, այլ մուկ է: Ապամոնտաժման որեւէ թույլտվություն մեզ այսօր ցույց չեն տվել, չգիտենք նման փաստաթուղթ կա, թե ոչ: Մեզ մշակույթի նախարարությունից միայն ասում են, որ լիարժեք չեն փաստաթղթերը»,- NEWS.am-իր հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հունիսի 13-ին շինության ապամոնտաժումը թույլ չտալու պահանջով նամակ են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում առ այն, որ ապամոնտաժման իրական պատճառները կարող են գործարար շահերի հետ կապված լինել:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։











