Սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ահազանգել է համայնքի բնակիչներից մեկը եւ տեղեկացրել, որ ինչ-որ անհայտ ավտոմեքենա երկար ժամանակ է՝ կայանված է ֆերմաներից մեկի տարածքում:
«Ինձ որ զանգեցին, ես արագ հասա ֆերմայի մոտ ու տեսա սպիտակ գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան։ Մոտեցա, տեսա, որ մահացած մարդ կա ու հրազենային վնասվածք ուներ: Ես շատ վախեցա ու արագ ոստիկանություն կանչեցի», - պատմեց համայնքապետը:
Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը գտել է տղամարդու դիակ, զննվել է տեղանքը, ապա՝ ավտոմեքենան, կատարվել են հատուկ քննչական գործողություններ։
Փոխոստիկանապետի խոսքով՝ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:











