Հուլիսի 31-ին հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված զինծառայող 20-ամյա Ազատ Ասոյանին այսօր՝ օգոստոսի 2-ին, զինվորական կարգով հուղարկավորեցին Եռաբլուրում: (ֆոտոռեպորտաժ)

Զինվորի հուղարկավորության արարողությանը ներկա էին ոչ միայն բարեկամները, ընկերները, այլեւ Ազատ Ասոյանի հրամանատարներն ու ծառայակից ընկերները, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ,  ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուղարկավորությունն այցելել էին Ազատ Ասոյանի տուն:

ՀՀ նախագահի հրամանագրով Ազատ Ասոյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը ազնվիրաբար կատարելու համար հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Հիշեցնենք, որ Ազատ Ասոյանը Երեւանից էր, ուներ կրտսեր եղբայր: Մինչեւ բանակ զորակոչվելը ընդունվել էր ԵՊՀ իրավանական ֆակուլտետը: Ազատ Ասոյանը մարզիկ էր, ուներ բազմաթիվ մեդալներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: