Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը եւ կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերին կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարեւոր է կողմերի քաղաքական կամքը: