Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի զինված ուժերի՝ փեշմերգայի 150 հոգանոց ջոկատը Թուրքիայի տարածքով մտել է Քոբանի՝ կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ քրդական փեշմերգայի 150 հոգանոց հատուկ նշանակության ջոկատը Թուրքիա է հասել օդային ճանապարհով՝ իջնելով Ուրֆայի օդանավակայան, որտեղից ցամաքային ճանապարհով հատել են Սիրիայի սահմանը եւ մտել Քոբանի։

Միեւնույն ժամանակ Իրաքից ցամաքային ճանապարհով Թուրքիա են մտել փեշմերգայի ծանր զինտեխնիկան, հակաօդային պաշտպանության զինատեսակներով եւ շտապօգնության մեքենաներով եւ շարժվում են դեպի Քոբանի։

Նշենք, որ իսլամիստները սեպտեմբերի 16-ից լայնածավալ հարձակում են ձեռնարկել Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ։ Այդ ընթացքում Քոբանիից Թուրքիա է անցել մոտ 200 հազար փախստական, որից հետո Թուրքիան փակել է Քոբանիի հետ սահմանը։

Արեւմուտքի ճնշման տակ Թուրքիան ստիպված է եղել թույլ տալ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի զինված ուժերի զորաջոկատներին մեկնել Քոբանի Թուրքիայի տարածքով, քանի որ ցամաքային այլ ճանապարհ չկա Քոբանիի հասնելու համար։