Նոյեմբերի 30-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ամուսնացել է շուրջ 2 հազար զույգ: Միջոցառումը կազմակերպվել է հատուկ աղքատ զույգերի համար, որոնք ի վիճակի չեն եղել հարսանիք անելու:

Նորապսակների հարազատների հետ «Մարականազինյուի» մարզադաշտում, որտեղ տեղի է ունեցել հանդիսությունը, հավաքվել է շուրջ 12 հազար մարդ: Որոշ զույգեր եկել են գնացքով. Հարսնացուներն իրենց սանրվածքը եւ դիմահարդարումը շտկել են հենց գնացքի վագոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ը:

Ռիո դե Ժանեյրոն զանգվածային հարսանիքներ է անում արդեն ութերորդ տարին: Նախաձեռնությունը կոչվում է «Համաձայնության օր» (The Day of I Do): Այդ օրը ամուսնանում են այն զույգերը, ում ամսական եկամուտը չի գերազանցում  հազար դոլարը: Արարողության վերջում նրանք ստանում են  ամուսնության կնքման անվճար վկայական: