Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի նիստում իրավիճակը լարվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ելույթի ընթացքում։

Պատգամավորը հայտարարել է, թե նախկին իշխանությունների օրոք իրենից խլել են մանկությունն ու երիտասարդությունը։

Այնուհետև Գրիգորյանն ասել է, որ իր երեխան դարձել է ընդդիմության թիրախը։ Նա հավելել է, որ գիտի ապտակել, սակայն հարցերը լուծելու նման գործելաոճի չի դիմի։

Ընդդիմադիր պատգամավորները տեղերից հակադարձել են նրան, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է լարվել։ Գրիգորյանին հորդորել են չգոռալ, ինչին նա արձագանքել է. «Կգոռամ»։

Վեճի մեջ ներքաշվել են նաև իշխանական և ընդդիմադիր այլ պատգամավորներ։

Իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել միայն նիստը նախագահող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջամտությունից հետո։