Դեկտեմբերի 4-ին Հայաստան է տեղափոխվել 9-ամսական Մարինե Վարդանյանը:
Մինչ այդ ԱԳՆ-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ 9-ամսական Մարինե Վարդանյանը, որը տառապում է դաունիզմով, գտնվում է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում:
Փոքրիկին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվա է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցը: Իսկ դեկտեմբերի 4-ի գիշերը ոստիկանությունը ոչ միայն կազմակերպեց «Զվարթնոց» օդանավակայանից երեխայի տեղափոխումը, այլեւ ապահովեց բժիշկների ներկայությունը: Նրանց օգնությամբ Մարինե Վարդանյանը տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո ոստիկանությունը կլուծի երեխային մանկատտանը տեղավորելու հարցը:











