7 հուլիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն

Մրցավար` Վիկտոր Կաշայի (Հունգարիա)

Պույոլ, 73 (0:1)

Չափազանց մեծ զգուշավորությունը, հաշվենկատությունը, արդյունքի կարեւորությունը, օվերթայմի հնարավորությունը եւ էլի բազմաթիվ գործոններ դարձան նյարդային եւ ծանր պայքարի պատճառ: Այդպես էր նաեւ Եվրո-2008-ի եզրափակիչում, երբ Ֆերնանդո Տորեսը դարձավ միակ ու հաղթական գոլի հեղինակը: Երկու տարի անց առաքելությունը կատարեց իսպանացիների վետերան, մեծ փորձառություն ունեցող Կարլես Պույոլը:

Անկյունայինի խաղարկումից հետո, Չավիի փոխանցմամբ Պույոլը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը: Եվ դա տեղի ունեցավ արդեն վերջնամասում, 73-րդ րոպեին: Գերմանիայի հավաքականը, որը մինչեւ այդ գոլը խաղը կառուցում էր հակագրոհների վրա, հայտնվեց հետապնդողի դերում եւ շատ կարճ ժամանակահատվածում հասնել մրցակցի հետեւից չհասցրեց:

Եվրոպայի չեմպիոնները հաղթեցին նվազագույն հաշվով, դուրս եկան եզրափակիչ, որտեղ կխաղան հոլանդացիների հետ, իսկ դա նշանակում է, որ աշխարհի չեմպիոնների փոքրաթիվ, էլիտար ակումբը` Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Ֆրանսիա կազմով նոր անդամ կունենա: Հոլանդիան ու Իսպանիան երբեւէ չեն եղել չեմպիոն: Հուլիսի 11-ին աշխարհը նոր չեմպիոն կունենա: