Բրիտանացի Կարլ Բուշբին տուն է վերադարձել 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում հաղթահարել է շուրջ 50 հազար կմ՝ անցնելով չորս մայրցամաքով և 30 երկրով։

Բուշբին ճանապարհ է ընկել Չիլիի Պունտա Արենաս քաղաքից 1998 թվականի նոյեմբերին՝ նպատակ դնելով շրջել աշխարհով մեկ՝ առանց տրանսպորտից օգտվելու։ Ճանապարհորդության ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով անցել Կասպից ծովն ու Լա Մանշը։

Ճանապարհորդությունը բազմիցս ընդհատվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի, COVID-19 համավարակի և վիզաներ ստանալու դժվարությունների պատճառով։ Երթուղու ռուսաստանյան հատվածն անցնելը գրեթե տասը տարի է տևել։

Ճանապարհորդության ավարտին նա վերադարձել է Անգլիայի հյուսիսում գտնվող իր հայրենի Հալ քաղաքը, որտեղ նրան դիմավորել են հարազատները, քաղաքի բնակիչներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Բուշբիի խոսքով՝ երթուղին ավարտելուց հետո նա ծրագրում է կենտրոնանալ նոր նախագծերի, հանրային ելույթների և իր հուշագրությունների շարունակության վրա աշխատելու վրա։ Բացի այդ, գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը վավերագրական ֆիլմ է նկարահանում նրա ճանապարհորդության մասին։