ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների՝ օրերս Ալմաթիում արած հայտարարությունը բավական դրական էր մեզ համար. այդ հայտարարությունը հօգուտ Հայաստանի էր։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Նրա խոսքով, այդ հայտարարությունը հօդս ցնդեցրեց Ադրբեջանի մի շարք նկրտումներ։ «Պաշտոնական Բաքվի եւ Անկարայի կողմից տարածքների վերադարձի մասին տարիներ շարունակ արվող հայտարարությունները Հայաստանին ներկայացվող մարտահրավերներ են, որոնց ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարները արժանի պատասխան տվեցին՝ նշելով, որ հակամարտության լուծման փաթեթից որեւէ տարր հանելը կվնասի գործընթացին։ Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանը նշում է, որ համաձայն է փաթեթում առկա կետերին՝ չհաշված իրեն ոչ ձեռնտու հատվածները։ Հենց այդ էլ նկատի ունեին արտգործնախարարները»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։
Վերջում Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանը լավ կաներ ստորագրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության տակ եւ այդ կերպ ամրագրեր փաստը, որ եթե Ադրբեջանը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից մեկնումեկից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի Ղարաբաղի ճանաչման գործընթացը։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Ալմաթայում տարածել էին հուլիսի 17-ին:




























