Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 22-ին Երեւանում Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ Չժուն Շանի հետ հանդիպմանը ընդգծել է «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ու քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման կարեւորությունը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար եւ տեղեկացրել, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է իր այցը Չինաստան` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Հումանիտար կապերի սերտացման եւ ամրապնդման գործում կառավարության ղեկավարը կարեւորել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ հարաբերությունների զարգացումը եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։
Անդրադարձ է արվել հայ-չինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարգավիճակի բարձրացման, տեխնիկա-տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացման հարցերին։ Այդ համատեքստում կարեւորվել է Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալի մեծացումը եւ զբոսաշրջության խթանումը։ Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալը վարչապետին տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հետ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման ուղղությունների շուրջ։




























