«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի կողմից ավելի քան հինգ տասնամյակ շահագործվող «Նահատակի ձոր» անվամբ պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին, իսկ նոր պոչամբարի կառուցման հստակ ժամկետներ դեռեւս չեն նախանշվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Civilvoice ՀԿ-ն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Ներկայում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը բավարարվում է նոր պոչամբարի կառուցման տարածքի ուսումնասիրությամբ եւ որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարելով, մինչդեռ գործող գերհագեցած պոչամբարի պոչանքը արտահոսում է Դեբետ գետը:
Գաղտնիք չէ , որ ժամանակակից աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել պոչամբար հասկացությանը, իսկ Հայաստանում նոր պոչամբարի կառուցումը շարունակում է մնալ խիստ անհրաժեշտ: Civilvoice (Սիվիլվոիս) հասարակական կազմակերպությունը կոչ է անում պետական մարմիններին` ցուցաբերել հետեւողական կամք «Նահատակի ձոր» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները պատշաճ մակարդակով եւ ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու համար, իսկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին հորդորում ենք՝ իրականացնել տարածքի ազգաբնակչությանը խոստացված սոցիալական ծրագրերը, որոնք բխում են նաեւ օրենքի պահանջից: Civilvoice ՀԿ, հավատարիմ լինելով իր առաքելությանը, հետեւողական է լինեու, որպեսզի բարձրացված խնդիրները անխտիր ստանան իրենց լուծումները:











