ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների մի քանի տասնյակ երիտասարդ անդամներն այսօր՝ ապրիլի 9-ին, Գերմանիայի դեսպանատնից քիչ հեռու կանգնեցրին Հայաստանում Գերմանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի մեքենան եւ նրանից բացատրություն պահանջեցին, թե ինչու չի վերցրել իրենց նամակը, որով պահանջում էին Գերմանիայից ընդունել Ցեղասպանությունը քրեականացնող օրենքներ։

Դեսպանը երիտասարդ ՀՅԴ-ականներին պատասխանեց, որ դեսպանատան մոտ ինքը ցանկացել է նրանց լսել բողոքի ակցիայից հետո, սակայն, երիտասարդներն հետ չեն վերադարձել։

«Բողոքի ակցիա անցկացնելը, դա ձեր իրավունքն է, եւ թերեւս դուք ճիշտ եք, որ այդ պահանջով բողոքի ակցիա եք անում, բայց դուք ինձ չեք կարող ստիպել իջնելու որոշում կայացնել, որովհետեւ ես ուղղակի մարդ արարած չեմ ես Գերմանիայի Հանրապետությունն եմ ներկայացնում»,-ասաց Ռայներ ՄորելըՀՅԴ-ական երիտասարդներին։

Նշենք, որ մինչ այդ նստացույցից հետո, երբ ՀՅԴ երիտասարդները հեռացել էին, դեսպանն իջավ ներքեւ և լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ օրական 100-ից ավելի նամակ է ստանում և չի կարող բոլորին անձամբ լսել։ Նա ցանկացավ լսել ակցիայի մասնակիցներին, սակայն դաշնակցական երիտասարդներն չվերադարձան։

Նշենք, որ ՀՅԴ-ական երիտասարդներն այդպես էլ Գերմանիայի դեսպանին չհանձնեցին իրենց պահանջները ներկայացնող նամակը։

Գերմանիայի Բունդեսթագը 2005թ.-ին, առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձեւը, որում նշվում է, որ  Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»: