Երեւանի Շենգավիթ համայնքի Եղբայրության 22 շենքի բնակիչներն այսօր` ապրիլի 10-ին, նստացույց են սկսել. նրանք պահանջում են ապամոնտաժել շենքից ընդամենը 3 մետր հեռավորության վրա գտնվող կառույցը:

«Մենք չենք հեռանա, մինչեւ Տարոն Մարգարյանը չգա այստեղ: Պահանջում ենք, որպեսզի ապամոնտաժեն այս անօրինական կառույցը: Արսեն անունով ոմն մեկը անօրինական կերպով սեփականաշնորհել է նաեւ շենքի դիմացի 120 քառակուսի մետր կանաչապատ տարածքը, որը նույնպես պետք է քանդեն եւ առեւտրի կետ սարքեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղբայրության 22 շենքի բնակիչ Անահիտ Դավթյանը:

Բնակիչների խոսքով` իրենք ստիպված են լինում լսել այդ շենքի վրա աշխատող երիտասարդների հայհոյանքները:

«Այնտեղ կոյուղի չկա, դրանք գալիս են մեր պոդեզդում են միզում, ահավոր իրավիճակում ենք, պահանջում ենք, որպեսզի այդ հարցին արագ լուծում տան»,- ասաց Ալինա Դանիելյանը:

Վոլոդյա Շարբաթյանն էլ նշեց, որ կառույցի սեփականատերերը ճարտարապետության բոլոր նորմերը խախտել են եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում մտնել բակ.

«Օրենքով մինչեւ 6 մետր հեռավորության վրա պետք է կառուցված լինեն այս տիպի կառույցները: Ի՞նչ է սա, անգամ շտապօգնություն ենք կանչում եւ չեն կարողանում հասնել օգնության, նույնը հրշեջ մեքենաները: Մինչեւ ե՞րբ պետք է այսպես շարունակվի»,-ասաց նա:

Նշենք, որ բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարանին, սակայն որեւէ արձագանք չեն ստացել: Այսօր հավաքված բնակիչներին մոտեցավ մի երիտասարդ, որը ներկայացավ «թաղապետարանի աշխատակից»: Մեր հարցին, թե Շենգավիթի համայնքապետարանն ինչպես է պատրաստվում լուծել խնդիրը, երիտասարդը չպատասխանեց եւ արագ հեռացավ շենքի տարածքից: