Երեւանի Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի միջնորդությունը՝ պատգամավորին ծեծի ենթարկելու գործով դատախազ Գագիկ Մարգարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ըստ հայցվոր կողմի՝ դատախազը նախաքննական փուլում թերի է կատարել կամ գրեթե չի կատարել գործը բացահայտելուն ուղղված քայլեր։
Արամ Մանուկյանը դատարանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ մեղադրողի եւ պաշտպանական կողմի միջեւ համերաշխությունը աննախադեպ է եւ կասկածի տեղիք է տալիս։ Նշենք, որ մեղադրյալ Արշակ Սվազյանի պաշտպանը այս միջնորդությանը դեմ էր արտահայտվել՝ որակելով այն անհիմն։
«Ես չեմ հիշում մի դեպք, որ ամբաստանյալի պաշտպանը պաշտպանի իրեն մեղադրող կողմին։ Սա համարում են տարօրինակ ներդաշնակ աշխատանք նրանց միջեւ։ Սովորական պրակտիկայում դատախազը պաշտպանում է տուժողի շահերը, բայց հայտարարություն արեց, ԱԺ պատգամավորի վրա հարձակման գործով երեւակայության արդյունք է համարում այն վարկածը, որ այն կարող է կազմակերպված լինել։ Ես սրանից երկու եզրակացություն եմ անում՝ կամ ինքը խնդիրներ ունի իրավաբանության հետ, կամ ապացուցում է, որ կազմակերպված հանցագործության վարկածն ամենաճիշտն է»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հետագայում իրենք իրենց այս վարկածն ապացուցող փաստեր կներկայացնեն։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանը ասաց, որ ինքն այս գործընթացին «թեթեւ» է վերաբերվում, քանի որ ըստ նրա, իրականացվում է իշխանության կողմից նախապես մշակված սցենարը։
Մեղադրյալ Արշակ Սվազյանը, որը դատարանում ընդունեց իր մեղավորությունը, նիստից հետո լրագրողներին ասաց, որ իր արածի համար չի զղջում. «Ինքը իմ գերագույն հրամանատարն է, իմ նախագահն է, եթե ինչ-որ մեկը իրան էլի վիրավորի, նույն ձեւ կպատժեմ»։
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 13-ը։
Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ վիրավորել է հանրապետության նախագահին։











