Հայոց ցեղասպանության թանգարանում, որի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝  ապրիլի 21-ին, մշտական ցուցադրության են դրվել բնօրինակ թերթեր, գրքեր, որոնցից շատերի երկրորդ օրինակը հնարավոր չէ գտնել: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում Ցեղասպանության վերաբերյալ այնքան նյութ է հավաքվել, որ բավարար է եւս մի քանի նման թանգարան բացելու համար:

«Եթե իմ առջեւ առաջադրանք դրվի 5 տարբեր լուծումներով Հայոց ցեղասպանության թանգարան բացել, ես դա պատրաստ եմ անել: Այսինքն այդքան քանակով նյութ է հավաքվել»,- լրագրողներին ասաց Հայկ Դեմոյանը:

Թանգարանի ցուցադրության սրահը սկսվում է ներածական, Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մասին պատմող տեսանյութով:

Թանգարանի ցուցասրահում պաստառի վրա խորագրերով ներկայացված են Ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանում ապրող հայրերի մասին պատմող  լուսանկարներ, պատմություններ: Հայկ Դեմոյանի խոսքով՝ պաստառը  խորհրդանշում է հայ ժողովրդի անցած ճանապարհը՝ խորդուբորդերով, անկումներով:

Պաստառն ավարտվում է Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարներով, որոնք նայում են այն պատին, որի վրա փակցված են Մեծ եղեռնի կազմակերպիչների լուսանկարները:

Թանգարանում ներկայացված է նաեւ 1915թ. բռնագաղթված հայերի լքյալ գույքի բռնագրավման վերաբերյալ երիտթուքերի կառավարության ընդունած օրենքը՝ բնօրինակով:

Թանգարանում նախկին երեքի փոխարեն այժմ 12 սրահ կա: Ներկայացված են մի քանի տասնյակ խորագրեր:  

Թանգարանում ցուցադրվում են լուսանկարները, որ արվել են գաղթի ճանապարհին ռուս եւ հայ զինվորականների կողմից:

Թանգարանում առանձին սենյակ կա,  որտեղ կարելի է լսել ականատեսների պատմությունը:

Թանգարանի շինարարության համար 4.5 միլիոն դոլար գումար է ծախսվել: Գումարը տրամադրել են բարերարներ Գաբրիել Ջեմբերջյանը, Ռալֆ Յիրիկյանը: