Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քիչ անց կմեկնարկի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը։ Արարողությանը նախագահում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վերջինս այսօր է ժամանել Հայաստան հատուկ ինքնաթիռով, եւ իր հետ բերել է Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներ։

Արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից ավելի վաղ առանձնացվելու էին 14 սրբություններ՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի, Ս. Հռիփսիմե կույսի, Ս. Անանիա առաքյալի, Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի, Ս. Սարգիս Զորավարի, Ս. Գեւորգ Զորավարի մասունքները, Զեյթունի Ավետարանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից: Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը, համաձայն քրիստոնեական ավանդության, Հայաստանում նահատակված Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի գերեզմանների վրա կառուցել է հատուկ մատուռներ (վկայարաններ, որտեղ քրիստոնյաները հիշատակել են նահատակ կույսերին՝ հայցելով նրանց բարեխոսությունը):

Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:

Հայ Եկեղեցու սրբեր են համարվում`

ա) հավատքի համար նահատակվածները,

բ) անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ,

գ) հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության եւ Աստծու խոսքի բացառիկ քարոզիչները,

դ) սրբակենցաղ անձինք:

Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել: Երկարատեւ ընդմիջումից հետո Հայ եկեղեցու սրբադասման հարցը պաշտոնապես օրակարգ է մտել 20-րդ դարի սկզբին` ընդգրկվելով Հայ Եկեղեցում կատարվելիք բարենորոգության ծրագրում: Եկեղեցու ներքին, խորհրդական կյանքի կենսականությունը վերականգնելու մտածումով 1960-ական թվականներից սրբադասման հարցը քննարկվել է երկու կարեւոր շեշտադրումներով.

ա) վերականգնել Հայ Եկեղեցու սրբադասման կարգի ավանդությունը,

բ) քննել Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հնարավորությունը:

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչեւ 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:

Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թեւակոխեց միայն 2005 թ., իսկ 2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը եւ այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում

Ա.հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը եւ շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ...ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի...), վկայաբանությունը եւ սրբապատկերի նախօրինակը,

բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,

գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

Այսպիսով` երկարատեւ ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:

Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի եւ հայրենիքի:

Միջեկեղեցական համաժողովին եւ սրբադասման արարողությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել Հռոմի պապի նվիրակ, կարդինալ Կուրտ Կոխը, Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարտրեսը, Հարավային Սուդանի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Էներ Քոմբաքը, Համայն Ամերիկայի եւ Կանադայի Մետրոպոլիտ, Վաշինգտոնի արքեպիսկոպոս Տիխոնը, այլ բարձրաստիճան հոգեւորականներ։