Երեւանում՝ 10-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռի հարեւանությամբ կառուցվող Սուրբ Աննա եկեղեցին 4 տարի տեւած շինարարությունից հետո արդեն պատրաստ է։ Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող եկեղեցին այսօր՝ ապրիլի 30-ին, օծեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցական համալիրը երեք մասից է բաղկացած՝ Սուրբ Աննա եկեղեցին, Սուրբ Աստվածածին մատուռը եւ Վեհափառի երեւանյան նստավայրը:

«Փորձել ենք այնպիսի կառույց ստանալ, որը ներդաշնակ կլինի երեւանյան ամենահին եկեղեցիներից մեկին ՝ Սուրբ Աստվածածնին: Ընդհանուր առմամբ, մեր ավանդական ոճն է, մի փոքր համադրել ենք այն մեր կլասիկ, երեւանյան ճարտարապետության հետ: Համալիրը կառուցելիս խորհուդն այն է եղել, որ նորակառուց Աննա եկեղեցին մի փոքր գրկի մեր մյուս եկեղեցուն, մի փոքր հետ ենք քաշել այն, որ առաջնակարգը լինի Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-լրագրողներին ասաց եկեղեցու ճարտարապետ Վահագն Մովսիսյանը:  

Եկեղեցին կառուցվել է ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի միջոցներով։ Ի դեպ, նրա կնոջ անունը նույնպես Աննա է։ Օծման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի գործիչներ: