Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ Արարատյան Հայրապետական թեմը` ՀՀ ՊՆ աջակցությամբ, մայիսի 8-10-ը եղավ Արցախի երեք զորամասերում տոնական օրերին հայ զինվորի կողքին լինելու եւ նրանց ոգեւորելու նպատակով:
Եռօրյա ուխտագնացության առաջին օրը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում հնչեց Հաղթանակի գոհաբանական աղոթք։
ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները հոգեւոր ու ազգային երգերի համերգային ծրագրով եղան Շուշիի, Ստեփանակերտի եւ Մարտակերտի զորամասերում: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը եւ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը:
Զորամասերում զինվորների համար կազմակերպվեցին հայկական ավանդական խաղեր` «Լախտի», «Քաշոցի», որոնց զինվորները մեծ խանդավառությամբ մասնակցեցին:
Շուշիի զորամասում «Ծաղկազարդ» երգչախումբը եւ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը արժանացան հրամանատարության շնորհակալագրերին:
«Ծրագիրը լավագույնս իրականացվեց: Եկեղեցին եւ բանակը միավորվեցին։ Թե զինվորների վերաբերմունքը, թե նրանց շփումն ուխտավորների հետ, հոգեւոր հարցեր տալը, ազգային խաղերին եւ համերգային ծրագրերին լիարժեք մասնակցությունը, կարծում եմ՝ ամենամեծ գնահատականն էր: Մեր զինվորները սպասում են, որպեսզի մեկը գնա եւ քաջալերի իրենց, սա կօգնի նրանց իրենց ծառայության մեջ, իսկ մենք միշտ պատրաստ ենք նրանց կողքին լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀԹ տեղեկատվական բաժնի աշխատակից Հասմիկ Միրզոյանը:
Ուխտավորները այցելեցին նաեւ Տիգրանակերտ , ապա Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի:
Մանրամասները` տեսանյութում











