Աբովյան քաղաքի տոնավաճառի աշխատակիցները հերքում են տարածված տեղեկությունը, թե իրենք բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանի թիկնազորն իրենց նկատմամբ բռնություն է գործադրել: Շուկայի աշխատակիցները, որոնք բողոքում են, որ «Առինջ մոլի» բացվելուց հետո իրենց հաճախորդների թիվը պակասել է, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ ոչ թե բողոքի ակցիա են անցկացրել, այլ գնացել են «Առինջ մոլ»՝ Գագիկ Ծառուկյանին հանդիպելու եւ իրենց խնդիրը ներկայացնելու համար:

«Մենք ենք որոշել գնալ: Պայմանավորվել ենք, ինքը տաքսիներ ա տրամադրել մեզ, եկել են, մեզ բոլորիս վերցրել են, տարել «Առինջ մոլ»: Այնտեղ հանդիպել ենք Գագիկ Ծառուկյանի հետ, խոսել ենք, մեր խնդիրը ներկայացրել ենք, խոստացել է, որ կօգնի: Իսկ որ մեզ ծեծել են, չգիտեմ ուր են ուղարկել՝ սուտ է, նման բան չի եղել, մեզ ոչ ոք չի քաշքշել»,- NEWS.am-ին ասաց աշխատակիցներից Սոնյա Աթաբեկյանը:

Շուկայի աշխատակիցները բողոքում են, որ «Առինջ մոլի» բացվելուց հետո իրենց հաճախորդների թիվը գրեթե 90 տոկոսով նվազել է: Աշխատողները, որոնք վաճառատեղերի համար մինչեւ 100 հազար դրամ գումար են վճարում, նշեցին, որ լինում է՝ օրական մի ապրանք էլ չեն կարողանում վաճառում, որ գոնե տեղի համար վճարեն:

«20 տարի է՝ էս շուկան գործում է, սրանով ընտանիք ենք պահել, երեխա ենք ճանապարհել բանակ, ուսանող ենք պահել: Բայց էսօր հացի փող անգամ չենք կարողանում աշխատել: Մինչեւ «Առինջ մոլի» բացվելը մեր վիճակն արդեն վատ էր: «Առինջ մոլն» էլ եկավ, վիճակն ավելի վատացավ: Ասում էին, թե մեծածախ առեւտուր ա լինելու մենակ, բայց էդպես չի, հատով են ծախում: Ամբողջ գյուղի ժողովուրդը գալիս են ստեղ, ասում են՝ հա՛մ տեսականի չկա, հա՛մ էլ թանկ ա»,- ասաց վաճառողներից Անուշ Գեւորգյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են, որ «Առինջ մոլը» միայն գիշերները գործի կամ միայն մեծածախ առեւտրով զբաղվի:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Աբովյանի շուկայի մի շարք առեւտրականներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի: Ըստ հրապարակման, ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն էր կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: Նշենք նաեւ, որ «Աբովյան» հեռուսաընկերության տնօրենը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվել:

Առեւտրականները նշեցին, որ ոչ մի լրագրողի «Առինջ մոլում» չեն տեսել: