Փրկարար ծառայությունը մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ եւ 25 մ երկարությամբ:

Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ):

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երեւանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի:

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղում իրականացնում են ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ:

Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի երթեւեկելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: