Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 21-ին, գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության ժամանակ Գեւորգ Կոստանյանից պահանջեց կամ պատասխանել իր՝ 2013թ. հոկտեմբերի 1-ին բարձրացրած հարցերին, կամ հրաժարական տալ:
«Այն ժամանակ ես փաստեր բերեցի, որ Դուք՝ որպես զինդատախազ, մարզպետի տան մոտ տեղի ունեցած արյունահեղ դեպքի հետ կապված շրջանցել եք, կոծկել եք այն ամենը, ինչ ապացուցում է՝ սպանությունը կատարել է Սուրիկ Խաչատրյանը: Ձեր եզրափակիչ ելույթում այդ փաստերին չանդրադարձած, ասացիք միայն, որ հրապարակային քննարկում է լինելու: Ես էլ առաջարկեցի այն անցկացնել ուղիղ եթերում: Հետո էլ նշեցիք, թե հրապարակային քննարկումը երեք հոգով է մի սենյակում, կամ հաղորդագրությունների տեսքով: Դուք առ այսօր որեւէ բան չեք ասել իմ փաստերի վերաբերյալ: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե ունեք իմ ասածները հերքող փաստեր, ներկայացրեք հենց այս ամբիոնից, եթե չունեք, ապա պետք է հրաժարական տաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազն անձնական պատասխանատվություն է կրում Սյունիքում նախորդ երկու տարիներին տեղի ունեցած միջադեպերի համար:
Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, թե ինքը պատրաստ է հրապարակային քննարկման, սակայն դա չի նշանակում՝ քննարկում ընդդիմադիր պատգամավորի նշած վայրում կամ պայմաններում. «Ինչ վերաբերվում է կոնկրետ գործի հանգամանքներին: Հիմա էլ վերահաստատում եմ, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի գործով չկա մի փաստ, հանգամանք, որի մասին ես անձնական պատասխանատվություն չկրեմ: Երկրորդ՝ ամեն մի կայացրած որոշմանս համար ես միշտ կրում եմ պատասխանատվություն: Ինչ վերաբերվում է կոծկելուն, շեղելուն, համոզված եմ, որ եթե իրականացնեիք մասնագիտական գործողություն, ավելի զգույշ ու հետեւողական կլինեք ձեր հայտարարությունների մեջ»:
Ընդդիմադիր պատգամավորին, սակայն, գլխավոր դատախազի խոսքերը զայրացրին:
«Հունիսի 14-ին դատարանը որոշում է կայացրել գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի եւ մտերիմների հեռախոսները: Սակայն քննիչին հունիսի 30-ին ասել են, թե տեխնիկական պատճառներով դա չեն արել: Հիմա ինձ բացատրեք, թե ոնց է դա հնարավոր: Ձեր իրավաբանությունը ըտենց բառակույտ ա ու Կաշպիրովսկու ժեստերով ցուցամատի ըսենց շարժումնե՞ր: Դուք Ազգային ժողովում եք...»:
Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում Փաշինյանի կարծիքին եւ նույնն էլ պահանջում է պատգամավորից:
«Գաղտնալսումների հարց չի էլ քննարկվել: Ձեր այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Խոսքը երեք անձին գաղտնալսելու մասին է եղել: ԱԱԾ-ն էլ իսկապես տեխնիկական հնարավորություն չի ունեցել՝ գաղտնալսումներն իրականացնելու»,- ավելացրեց նա:











