Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Սարգսյանը մեղադրվում է իր համագյուղացու սպանության մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մեծամորի բաժնում ապրիլի 29-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամորից Հայկավան գյուղ տանող ճանապարհին առկա է դի:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Մրգաշատի բնակիչ Էդվարդ Մելիքյանի դին: Դիակի արտաքին զննությամբ՝ Էդ.Մելիքյանի գլխի եւ պարանոցի առաջային մակերեսի վահանաճառի շրջանում հայտնաբերվել են  արյունազեղման ձեւով վնասվածքներ:

Ժամեր անց ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ մահացածի ընտանիքը լարված հարաբերությունների մեջ է գտնվել գյուղացիներից Հովսեփ Սարգսյանի հետ:

Ապրիլի 30-ին Հովսեփ Սարգսյանը բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հովսեփ Սարգսյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: