Երեւանի կենդանաբանական այգին արդեն կրկնակի տարածք է զբաղեցնում՝ մի քանի կենդանիների համար նախատեսված ազատավանդակներով: Այգին, որտեղ 2013-ից շինարարական աշխատանքներ էին իրականացվում, պաշտոնապես բացվեց այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը (ֆոտոռեպորտաժ):
Կենդաբանական այգու բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկու դստեր եւ թոռնիկների հետ, նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նոր կենդանաբանական այգում ազատավանդակներ կան մի քանի կենդանիների, այդ թվում՝ վագրերի համար:
Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վագրերի վանդակների փոխարեն այժմ 5500 քմ տարածքով ազատավանդակ է կառուցվել, իսկ առյուծների եւ այլ կենդանիների համար, Կենդաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով, ազատավանդակներ կկառուցվեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում:
«Այգում հիմնադրումից ի վեր ոչ մի փոփոխություն չէր իրականացվել: Այսօր այգին վերածննունդ է ապրում: Այգու տարածքը 7-ից 16 հա է դարձել, ազատավանդակներ են կառուցվել վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների եւ լորիների համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ նշելով որ այգին միջազգային ստանդարտներին համապատասխանում է:
Կենդանաբանական այգում կատարված աշխատանքների համար մոտ 1 միլիարդ դրամ գումար է ծախսվել, վերանորոգվել է այգու ՝ քարակերտ կամարով մուտքը, այգում գլխավոր անցակետ է կառուցվել, որի եւ գլխավոր մուտքի միջեւ ընկած են խաղահրապարակներ: Այգու ճանապարհներն ու ճեմուղիներն ասֆալապատվել են: Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ տարածք: Այգում կառուցվել են արհեստական ջրվեժներ, նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած զոոկլինիկայի նոր մասնաշենք:











