Դիմորդների ծնողները դժգոհ են քննական կենտրոններում տեղադրված մոնիտորներից։ Կենտրոնացված քննությունների առաջին օրը` հունիսի 2–ին, Երեւանի համար 170 դպրոցում բացված քննակենտրոնում քննություններին հետեւող ծնողները NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ մոնիտորները հին են, կադրը պարզ չէ, թռթռում է, եւ շատ հաճախ է փոխվում։
«Այս հինգ հին մոնիտորների փոխարեն թող մեկը գնեին` մեծը։ Ծնողները կպնում են մոնիտորին, որ գոնե մի փոքր իրենց երեխաներին տեսնեն, հասկանան` ինչ են անում, ինչ է կատարվում ներսում։ Բայց բան չի երեւում, գուշակում են, թե որն է իրենց երեխան»,– դժգոհեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դիմորդ, 17–ամյա Լուիզայի մայրը` նշելով, որ իր դստերը տեսել է միայն նրա շնորհիվ, որ աղջիկը նստած է հենց տեսախցիկի առջեւ։
Քննական հանձնաժողովի նախագահը Էդվարդ Սանթրոսյանը համաձայն է, որ մոնիտորները կարող էին ավելի լավը լինել։ NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է խլացուցիչների եւ մոնիտորների թարմացում, որոնց ձեռք բերման նպատակով բյուջեից գումար է հատկացվել։
Ծնողները մի քանիսն էլ դժգոհեցին մոնիտորների դիրքից. Դրանք ցածր էին տեղադրված, ինչի պատճառով անընդհատ մոնիտորների դիմաց կուտակումներ էին առաջանում։
Նշենք, որ դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:











