Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական առաջին նիստն այսօր՝ հունիսի 2-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հետաձգվեց, քանի որ գործով տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը, եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը չէին ներկայացել դատարան:
Դատական նիստին տուժողի ներկայացուցիչներից ներկա էր միայն փաստաբան Թամարա Յայլոյանը, իսկ դահլիճում ներկա էին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներ:
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն չեն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հետ եւ չի բացառվում, որ դատական հաջորդ նիստերին հանդես գան այն փոխելու միջնորդությամբ:
«Մենք գտնում ենք, որ ամբաստանյալին սկզբից մեղադրանքը ճիշտ էր առաջադրված եւ միայն հետագայում դատահոգեբանական փորձաքննության հիման վրա արարքը որակվեց որպես խիստ հուզական պահին արված արարք, սակայն մենք գտնում ենք, որ տվյալ եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը»,–ասաց Թամարա Յայլոյանը:
Ամբաստանյալի փաստաբան՝ Երվանդ Վարոսյանն էլ վստահ է, որ առաջադրված մեղադրական եզրակացությունը հիմնավորված է, որեւէ կասկածելի կամ թերի աշխատանք փորձագետների կողմից չի եղել:
«Թերի որեւէ բան չկա, եւ առաջիկայում բոլորը կլսեն, կծանոթանան հոգեբանի եզրակացության հետ, եւ պարզ կլինի, թե ինչի հիման վրա է են եկել այդ եզրակացությանը»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 18-ին:
Նշենք, որ մարտի վերջին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը դեպքի պահին եղել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Եզրակացությունից հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։
Հիշեցնենք, որ մինչեւ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։ Ըստ մեղադրական եզրակացության` սպանության պատճառը խանդն է եղել։












