Տիգրան Մնացականյանը կամ ինչպես ռեփ լսողներն են նրան ճանաչում՝ M’Tiko-ն, որն այսօր համարվում է ամենաճանաչված հայ ռեփերներից մեկը, երաժշտական կրթություն չունի, բայց ինչպես ինքն է ասում` ունի ճաշակ, ինչն ավելի կարեւոր է։

 «Ես ինչ անում եմ, անում եմ սլուխով։ Այնպես չի, որ ռեփում պետք չի այդ կրթությունը, բայց կա ավելի կարևոր հանգամանք, էդ երաժշտական ճաշակն ա, մարդ կա` կրթություն ունի բայց ճաշակից զրո ա»,– NEWS.am–ի հետ զրույցում ասում է Տիգրանը։

M’Tiko-ն կարծում է, որ ռեփը Հայաստանում ավելի լավ վիճակում է, քան կովկասյան մյուս երկրներում։ Այնուամենայնիվ, հայկական ռեփի երկրպագուները Հայաստանում հիմնականում երիտասարդներն են, ինչի պատճառը, ըստ Տիգրանի, այն է, որ հայկական ռեփն ինքը երիտասարդ է,  ռեփերները` նույնպես. «Մենք` ռեփերներս, բոլորս երիտասարդ ենք։ Ռեփի հիմքը դրել են ՀՏ Հայկոն և Միշոն, մենք հիմա ճանապարհ ենք բացում նրա համար, որ տարիներ հետո տեսնեք, թե ինչպես են 30-40 ինչու ոչ` 50 տարեկանները ռեփ լսում»։

Տիգրանը չի հանդիպել լավ ռեփ կարդացող հայ աղջկա,  բայց կարծում է, որ աղջիկները կարող են լավ ռեփ կարդալ. «Այնպես չի, որ աղջիկ են, ուրեմն ռեփ կարդալու իրավունք չունեն, ուղղակի մեր երկրում ես չեմ լսել մի աղջկա, որը լավ ռեփ ա կարդում, իրենց ավելի շատ ուրիշ ուղղություններ կսազի`աղջիկները ավելի շատ փոփ, սոուլ կամ ջազային  ոճերում պետք է հանդես գան»։

Այնուամենայնիվ, Տիգրանի ապագա կինը ռեփեր չի լինի, երեխաները` նույնպես։ Սա առավելագույնն է, որ Տիգրանն ասում է իր անձնական կյանքի մասին. մնացած ամեն ինչի մասին պատմում է իր երգերում. «Ես իմ երգերում բառացիորեն և հասկանալի բացատրում եմ, եթե չեն հասկանում, իրենց գործն է»։

Տիգրանի միակ խորհուրդը սկսնակ ռեփերներին` հետեւել իրենց սրտի ձայնին։ Ինքը հենց այդպես էլ արել է` առաջին անգամ ռեփ լսել է հայրիկի մեքենայի մեջ ու այդ պահից որոշել հետագա ճանապարհը, իսկ 15 տարեկանում արդեն ձայնագրել իր առաջին գործը։