Կատարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, այսօր` հունիսի 4-ին, Երեւան ժամանելուց կարճ ժամանակ անց դուրս է եկել մայրաքաղաքի կենտրոնում զբոսնելու։ Նրան ուղեկցել է աշխարհահռչակ դիզանյեր Ուլյանա Սերգիենկոն: (ֆոտոռեպորտաժ)

Շեյխուհին «Մարիոթ» հյուրանոցից զբոսնելով անցել է Աբովյան փողոցը, մտել գորգերի եւ անտիկ իրերի խանութ, ապա ոտքով շարունակել ճանապարհը մինչեւ «Կասկադ» համալիր:

NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ շեյխուհին զբոսնելիս հետաքրքրությամբ ուսումնասիրել է տեսարժան վայրերը, երկար կանգ առել Շառլ Անզնավուրի հրապարակի երկաթյա կոնստրուկցիաներով քանդակների, ինչպես նաեւ «Կասկադում» Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում, լուսանկարվել: Աբողջ զբոսանքի ընթացքում Շեյխուհի Մոզային ուղեկցել են անվտանգության հայ աշխատակիցները եւ նրա անձնական թիկնապահները: Զբոսանքից հետո շեյխուհին ընթրել է «Հին Էրիվան» ռեստորանում:

Մերձավոր Արեւելքում հայտնի ազդեցիկ շեյխուհի Մոզան Հայաստան է ժամանել մասնավոր այցով։ Վաղը՝ հունիսի 5-ին, նա չարտերային չվերթով Երեւանից կմեկնի Թբիլիսի։

Շեյխուհի Մոզան  ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։

Նա ծնվել է 1959թ. Կատարի Ալ Խոր քաղաքում։ Նրա հայրը հաջողակ կատարցի գործարար Նասեր բեն Աբդուլլահ Ալ Միսնիդն է։ 1977թ. նա 18 տարեկան հասակում ամուսնանում է Կատարի գահաժառանգ արքայազն Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի հետ։ Մոզայից բացի շեյխն ունի եւս 2 կին։ Սակայն նրա կանանցից միայն Մոզան է հանրային գործունեությամբ զբաղվում։ Նա լավ կրթություն է ստացել, հայտնի է նորաձեւության աշխարհում, ակտիվ մասնակցում է երկրի հասարակական կյանքին, հիմնականում զբաղվում է կրթության խնդիրներով։