Մի խումբ ակտիվիստներ այսօր` հունիսի 6–ին, հեծանվաերթ են իրականացնում մայրաքաղաքում` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։
Նրանք պահանջում են ոչ միայն չբարձրացնել, այլեւ նվազեցնել գործող սակագինը, եւ կարգավորել էլեկրտրաէներգիայի մատակարարման մենաշնորհային ոլորտը։
«Ընտրել ենք այս տարբերակը, քանի որ կարծում ենք, որ այլընտրանքային պայքարի ձեւեր պետք է կիրառվեն, որովհետեւ հավաքից հավաք, երթից երթ հաջողության հասնել չի լինի, բացի այդ հավաքները քաղաքականացված են։ Այս կերպ փորձում ենք նաեւ ներգրավել երիտասարդներին։ Սա նաեւ իրազեկման երթ կարելի է անվանել»,– ասաց նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը։
Հեծանվորդները իրենց հեծանիվներին եւ շապիկներին փակցրել են «ԿԴԶՑՆԵՄ ՀԷՑ»–ին գրությամբ պաստառներ։ Ճանապարհին նրանք վանկարկում են «Ոչ թալանին» եւ իրազեկում հունիսի 19–ի մեծ հանրահավաքի մասին։
Երթի մասնակիցներին ուղեկցում են մի խումբ ոստիկաններ։ Երթը մեկնարկել է Սայաթ–Նովա փողոցից, մասնակիցները կանցնեն Մոսկովյան, Սարյան, Մաշտոցի պողոտա, Սայաթ–Նովա, Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կավարտվեն ակցիան։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

.jpg)
.jpg)
.jpg)

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











