Համեմատած վերջին տարիներին՝ այս տարի առատ  բերք կա, և գյուղացիները կարողանում են իրացնել այն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին,  Երևանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի ժամանակ NEWS.am-ին ասացին   տոնավաճառում սեփական գյուղատնտեսական արտադրանքը վաճառող  գյուղացիներից շատերը՝ հավելելով, որ համեմատած մյուս տարիների՝  ծիրանն այս տարի էժան կլինի, քանի որ շատ ծիրան կա:

Արարատի մարզի Արբակ գյուղի բնակիչ Արտակ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  տոնավաճառի առաջին օրը կարողացել է համարյա ամբողջությամբ վաճառել իր ապրանքը: Նրա խոսքով՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում են կարողացել բերք ստանալ և շատ կարևոր է, որ կարողանան նաև այն վաճառել. «Այսօր շատ դժվար է գյուղացու համար բերքը հասցնել Երևան՝ վաճառելու  համար, այս տոնավաճառն էլ լավ է, որ կազմակերպվում է, ինքներս ենք բերում մեր ապրանքը և կարողանում ենք անվճար կանգնել այս տարածքում և իրացնել  ապրանքը: Չնայած որ դժգոհ եմ տոնավաճառի աշխատանքային օրերից, միայն շաբաթ ու  կիրակի օրերը գյուղացու համար հարմար օրեր չեն, քանի որ ամեն օր հասնում է միրգը, բանջարեղենը, կանաչին և այլն»:

Չնայած լավ բերքին՝ գյուղացիները բողոքեցին, որ մեծ դժվարությամբ են կարողացել մշակել իրենց հողատարածքներն ու բերք ստանալ, քանի որ շատ գյուղերում կա ոռոգման խնդիր, վնասակար միջատներ, որոնց դեմ գյուղացիները չեն կարողանում պայքարել:

«Շատ խնդիրներ կան Արարատյան դաշտավայրում, բայց ամենակարևոր ու առաջնային խնդիրը դաշտավայրերի ոռոգման խնդիրն է, շատ ենք բողոքել, բայց դեռ արդյունք չկա»,-ասաց Արարատ մարզի Դաշտաքար գյուղի բնակչուհի Մայրանուշ Օհանյանը: