Միջպետական ճանապարհի (Մ2)` Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչեւ Մեղրի ընկած ճանապարհահատվածում, ծովի մակերեւույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հիմնանորոգման համար այս ճանապարհահատվածի ընտրությունը պատահական չէ։

Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, դրա վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր, այն ունի նաեւ ռազմավարական կարեւոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան եւ Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:

ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

Մեղրեցի ճանապարհաշինարարների գործը «եռում է» վաղ առավոտից մինչ մութն ընկնելը: Ամռան տաք օրերն այստեղ կարճ են տեւում, աշխատանքները պետք է կատարվեն արագ:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաեւ՝ ձյան եւ կարկուտի տեսքով։

«Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծում է Ա. Գասպարյանը, ապա տեղեկացնում, որ հիմնանորոգումից հետո Ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի։

Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքեւի մասում կառուցվում է նաեւ հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների եւ ուղեւորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը՝ կառուցումից հետո կդառնա 11-12 մետր»,- մանրամասնում է Ա. Գասպարյանը։

Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաեւ ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի եւ մուտքերի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետեւում էր աշխատանքների ընթացքին եւ որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը նշեց, որ Ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված էին հողով, վնասված էին գլխամասերը, քայքայված էին մուտքերը, ելքերը, ամրացումները։

Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա Ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:

Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ կապահովի ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը:

Ընկերությունն ունի նաեւ գործարան, որտեղ տեղի է ունենում ասֆալտի արտադրման ավտոմատացված գործընթացը: 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործարանն այսօր աշխատանքով ապահովում է 100 մարդու՝ իրականացնելով ճանապարհների հիմնանորոգում եւ պահպանում, քաղաքացիական եւ ռազմական նշանակության օբյեկտների շինարարություն, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրություն, օգտակար հանածոների մշակում:

Ի դեպ, «Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) ՍՊ ընկերությունն արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած հաջողությունների համար այս տարվա մարտին ՀՀ կառավարության կողմից արժանացել է մրցանակի:

Ազատ Գասպարյանը, ով ընկերության ղեկավարն է արդեն 19 տարի, նշում է, որ իրենց առաջնային գործն ու առաքելությունը՝ ամառ թե ձմեռ այս ճանապարհահատվածում անվտանգ երթեւեկություն ապահովելն է:

«Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհի շահագործմանը, առավել եւս՝ ձմեռային պահպանության ընթացքում: Ձմեռը շատ խիստ է լինում լեռնանցքում: Պատահում է՝ օրերով բուք է լինում, ձյուն է լինում, բայց սահմանված հերթապահության շնորհիվ, հագեցված տեխնիկայի ու անհրաժեշտ չափով կուտակված աղ-ավազի շնորհիվ թույլ չենք տալիս, որ ճանապարհահատվածը թեկուզ մեկ ժամ դառնա ոչ երթեւեկելի»:

Ճանշինի կողմից տեղադրված շինարարական աշխատանքների մասին զգուշացնող նշանները երկու-երեք ամսից կփոխարինվեն ճանապարհային այլ նշաններով, կավելացվեն մետաղական արգելափակոցները:

Միջպետական այս ճանապարհահատվածով երթեւեկող վարորդներն էլ հնարավորություն կունենան ճանապարհային փոսերը շրջանցելու փոխարեն հիանալ ճանապարհամերձ բարձունքների գեղեցկությամբ՝ չմոռանալով անվտանգ երթեւեկության մասին: