2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչեւ ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում ստացվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի տվյալ մասնաճյուղի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որոնց զննության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի լույս ապրիլի 12-ի գիշերը մի տղամարդ մոտենում է բանկոմատին, կատարում ինչ-որ գործողություններ եւ հեռանում։

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված տղամարդուն։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: