«Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 19-ին, հերթական անգամ հավաքվել էին Վանաձորի գլխավոր հրապարակում եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է և այլևս չեն կարող հանդուրժել այդ վիճակը՝ հավելելով, որ վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերին։
«Չգիտենք, թե ով է գործարանի սեփականատերը, գոնե ուզում ենք իմանալ, թե ում աշխատողներն ենք: Ամիսները գլորվում են, խոստումները սպառվել են: Դեկտեմբերին մեզ ընդամենը 30 հազար դրամ են տվել, դրանից հետո ընդհանրապես գումար չենք ստացել»,-բողոքեցին աշխատակիցները:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Վանաձորի Քիմպրոմ» գործարանի վերագործարկման հեռանկար չկա, քանի որ աեփականատերը համապատասխան քայլեր չի ձեռնարկում։
«Այս պահին գործարանի վերագործարկման մասին անիմաստ է խոսելը, հեռանկարներ չեմ տեսնում»,– ասաց նա` վստահեցնելով, որ ինքն էլ չի ճանաչում սեփականատիրոջը։
Նշենք, որ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները, որոնք 2013-ից հարկադիր պարապուրդի մեջ են, պարբերաբար հավաքվում են Վանաձորի մարզպետարանի դիմաց եւ պահանջում իրենց աշխատավարձերը։











