Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից հետո փրկված աֆրիկյան պինգվինները սթրեսային իրավիճակում են եւ վերականգնողական կուրս են անցնում: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին տեղեկացրել է Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգու մամուլի ծառայության ղեկավար Մզիա Շարաշիձեն:
Նրա խոսքով, կենդանաբանական այգում ընդհանուր առմամբ 17 պինգվին է եղել, որոնցից 9-ն են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նրանցից մեկին գտել են Wissol բենզալցակայաններից մեկի հարեւանությամբ, նախկին «Լագունա վերե» լողավազանի մոտ: Մեկ այլ պինգվինի, որը, ըստ տեղեկությունների, լողալով հասել է ադրբեջանական սահման, չեն գտել:
Հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղից հետո Թբիլիսիի կենդանաբանական այգին ծանր դրության մեջ է: Ջուրն ամբողջությամբ ոչնչացրել է այգու ներքեւի հատվածը: Կենդանիների մի մասը խորտակվել է, մյուս մասը, այդ թվում՝ գիշատիչներ, քաղաքում է հայտնվել: Ջրհեղեղից հետո կենդաբանական այգու 600 բնակիչների կեսից ավելիին չի հաջողվել փրկել:











