Աուդիտը ուշացած քայլ է  իշխանությունների կողմից, մեր պահանջը չեղարկումն է։ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները։

«Աուդիտը ուշացած քայլ է  իշխանությունների կողմից, մեր պահանջը չեղարկումն է։ Եւ սա մեր բոլորիս որոշումն է։ Մենք մնալու ենք փողոցում այնքան, մինչեւ որոշումը չեղյալ հայտարարվի։ Մենք այստեղից գնացողը չենք»,- նշել են նրանք։

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։ Ըստ նախագահի, ճիշտ կլիներ, եթե միջկառավարական հանձնաժողովը յուրահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է:

ՀՀ նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց եւ թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի եւ միանշանակ լինի իրավիճակը, եւ ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Մաքսիմ Սոկոլովը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները եւ բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո եւ կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: