Մի խումբ իրանահայ եւ իրանցի երիտասարդներ (7 հայ, 7 իրանցի) որոշել են բարձրանալ Արարատի գագաթը եւ այնտեղ նշել ՀՅԴ հիմնադրման  120-ամյակը եւ 1983-ին Լիսաբոնում նահատակված 5 մարտիկների հեղափոխական գործողության 27–րդ տարեդարձը: Այս մասին հաղորդում է DPTNews-ը:

Երիտասարդները ճանապարհ են ընկել հուլիսի 17-ին եւ առաջին կանգառն արել են 4000 մետր բարձրության վրա: 4700 մետր բարձրության վրա խմբին ընկերակցող իրանցի լեռնագնացներից մեկն իրեն վատ է զգացել եւ թուրք ուղեկցորդի հետ միասին ցած իջել:

Իրանահայ երիտասարդների խումբը արարատի գագաթ է հասել հուլիսի 18-ի առավոտյան: Նրանք ծածանել են  Հայաստանի եռագույնը եւ ՀՅԴ դրոշը, երգել հայրենասիրական երգեր:

Հուլիս ամսին Արարատ է բարձրացել նաեւ 11 հայերից  (ամերիկահայեր եւ կանադահայեր) բաղկացած եւս մեկ խումբ: Նրանք նույնպես Արարատի գագաթին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշներ են տեղադրել:

Այս մասին իմանալով, Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը հայտարարել է. «Մենք ուզում ենք հավատալ, որ այդ ամենը ճիշտ չէ։   Եթե այդ ամենը ճիշտ դուրս գա, մենք գիտենք, թե ինչպես այդ դրոշն իջեցնենք եւ  Արարատի գագաթին Հայաստանի կողմից թուրքական դրոշը պարզենք: Եթե Աղրըի բնակիչները նման բան իմանային, այդ լեռնագնացներին Արարատի վրա կթաղեին»: