Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը պետք է լինի միջազգային խաղաղապահների տեղակայումը։  Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ դեռ պետք է քննարկվեն այն հարցերը, թե ինչպիսին պետք է լինեն խաղաղապահ ուժերը եւ կոնկրետ որտեղ պետք է դրանք տեղակայվեն։

«Համապարփակ կարգավորման շրջանակում բանակցությունների միջոցով պետք է համաձայնություն ձեռք բերվի մի շարք տարրերի շուրջ, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ։ Բացի դրանից պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը ենթադրում  է նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»,–ասաց Ուորլիքը։

Ամերիկացի համանախագահի խոսքով`բանակցող կողմերը դեռ չեն հասել այն կետին, որտեղ կքննարկեն բոլոր այս մանրամասները. «Բայց վերջնական կարգավորման համար սրանք անհրաժեշտ բանակցային կետեր են, եւ դրանց լուծումը պետք է բավարարի տարածաշրջանի բոոլոր ժողովրդներին»։

Տեսանյութը՝ «Արմենիա» հեռուստաընկերության