Զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, այսօր` հուլիսի 23-ին, Կառավարության մոտ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը խոստացավ հուլիսի 27-ին ընդունել նրան:
«Ես Ձեզ երկուշաբթի կընդունեմ ժամը 12:00-ին, կամ 15:00-ին, եւ դուք ձեր բոլոր խնդիրները կներկայացնեք ինձ, մենք կքննարկենք»,-ասաց Սեյրան Օհանյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Իրինա Ղազարյանը նշեց, որ նախարարի հետ հանդիպմանը պահանջելու է, որպեսզի իր որդուն սպանողները պատժվեն եւ Հայաստան վերադարձվի դեպքին ականատես միակ վկան` Գրիգոր Արսենյանը:
«Իմ որդուն սպանել են, եւ այժմ նրան սպանողն ազատության մեջ է: Բավական երկար ժամանակ ես հանդիպում էի պահանջում նախարարի հետ, բայց նրանք չէին ընդունում ինձ: Իմ տղայի սպանության միակ վկային ուղարկել են Ռուսաստան: Ես իմ տղային չեմ պահել, որ նրա կյանքն ինչ-որ մի ստոր կենդանի խլի, ու ես բերանս փակած մնամ: Ես քանի ապրում ու շնչում եմ, այս գործը պիտի բացահայտվի»,-ասաց նա:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի, նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:











