«Ոչ ոքի վերջնագիր չի ներկայացվել»,- հայտարարել է Սպիտակ Տան մամուլի ծառայության ներկայացուցիչը, մեկնաբանելով The Financial Times հեղինակավոր թերթի տեղեկությունը, ըստ որի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` թուրք-իսրայելական հարաբերությունների սրման կապակցությամբ:
«Ինձ ոչինչ հայտնի չէ նման վերջնագրի մասին: Անհայտ է, թե որտեղից է The Financial Times-ը պեղել այդ տեղեկությունը»,- հայտարարել է Դեն Բերտոնը, հավելելով, որ Բարաք Օբաման, իսկապես, քննարկել է Էրդողանի հետ այդ խնդիրը, սակայն վերջնագիր չի ներկայացրել: Գրում է CNN Turk-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ The Financial Times-ի տեղեկություններով, ԱՄՆ-ը կոչ է արել Անկարային փոխել իր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, հակառակ դեպքում Վաշինգթոնը կսահմանափակի զենքի մատակարարումը Թուրքիա: Այս սպառնալիքը Թուրքիայի համար շատ լուրջ է, քանի որ նա մտադիր էր ԱՄՆ-ից անօդաչու ինքնաթիռներ գնել քուրդ ապստամբների գործողություններին հետեւելու, ինչպես նաեւ PKK-ի բազաների վրա հարձակումներ գործելու համար:
Օբաման Անկարային կոչ է արել մեղմացնել իր տոնը «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հարձակման հետ կապված: Վաշինգթոնը նաեւ խստորեն դատապարտել է Անկարային, որ վերջինս դեմ է հանդես եկել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառմանը:




























