Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին միայն հուլիսի 24-ին է հաջողվել բացահայտել Սայաթ Նովա գյուղում դեռ փետրվարին տեղի ունեցած գողությունը:

Փետրվարի 27-ին ոստիկանություն դիմած գյուղացին հայտնել էր, որ նույն օրն իրենից անհայտ անձինք երեք խոզ էին գողացել:

«Որոշել էի խոզերը վաճառել, ինտերնետով հայտարարություն տվի, մի մարդ զանգեց, պայմանավորվեցինք, եկան, խոզերը տեսան: Հետո էլ ասին, թե տանենք, փողը տեղում տանք: «Երազ» մեքենան եկավ, խոզերը դրին ու գնացինք: Ճանապարհին էդ ավտոն կորցրինք, էդ մարդն ասաց՝ գնանք Երեւան, փողը տանք: Եկանք Երեւան, էդ մարդը մտավ շենքի մուտք եւ մյուս դռնից փախավ»,- ոստիկաններին պատմել է տուժածը:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, սակայն օրեր անց կարճվել է, քանի որ որոնումներն արդյունք չեն տվել:

Միայն հուլիսի 24-ին են ոստիկանները տեղեկություն ստացել, որ խոզերի գողությունը կատարել է նախկինում 7 անգամ դատապարտված, ընդամենը 10 օր առաջ կալանավայրից դուրս եկած Սամվել Պետրոսյանը, որն էլ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժանմունք:

Պարզվել է, որ նա գողությունը կազմակերպել է կալանավայրից: Նա կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: